Պակիստանի իրավապահ մարմիններն ուրբաթ ձերբակալել են ուլտրակրոնական «Թեհրիկ է Լաբաիկ» կուսակցության առաջնորդ Հադիմ Հուսեյն Ռիզվիին, որը գլխավորում է բողոքի շարժումն ընդդեմ քրիստոնյա Ասյա Բիբիի նկատմամբ մահապատժի չեղարկման եւ բանտից ազատ արձակելու, հայտնում է Reuters–ը։

Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը Ռիզվիին ձերբակալել է երկրի հյուսիս–արեւելքում՝ Լահոր քաղաքի մեդրեսի (մահմեդական ուսումնական հաստատություն) տարածքում։

Նշվում է, որ ավելի վաղ հրապարակված տեսաուղերձում արմատական կուսակցության առաջնորդը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց եւ պաշտապնել մարգարեի պատիվը իր ձերբակալման դեպքում։ Reuters–ի փոխանցմամբ՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ 5 մարդ է տուժել։

Նոյեմբերի սկզբին Բիբիի նկատմամբ մահապատժի չեղարկման դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են երթեւեկությունը Պակիստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում, Լահորում, Կարաչիում։ Ի

Ասյա Բիբին սպասել է մահապատժի իրականացմանը 2010 թվականից ի վեր, երբ պաշտոնապես մեղավոր է ճանաչվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։ Բիբին դարձել է առաջին կինը, որի նկատմամբ Պակիստանում մահապատիժ է սահմանվել աստվածանարգության համար։

Հոկտեմբերի 31-ին երկրի Գերագույն դատարանը արդարացրել է նրան, սակայն բանտի տարածքից դուրս գալ Բիբին կարողացել է  միայն նոյեմբերի 7-ին զանգվածային բողոքների պատժառով։ Այժմ նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում։