Թեեւ Հայաստանի ֆոնդային բորսան չի կարելի դիտարկել որպես տնտեսության ինդիկատոր, այն ներդրողների համար բավականաչափ գրավիչ է։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիան» իր տեխնիկական հագեցվածությամբ կայացած ինստիտուտ է, իսկ շուկայում կան արժեթղթերի բավական հետաքրքիր առաջարկներ։ Ֆոնդային բորսայում շրջանառվում են Հայաստանի մի շարք խոշորագույն ընկերությունների պարտատոմսեր, այդ թվում՝ «Հայռուսգազարդինը»։

Հայկական պարտատոմսերի ու բաժնետոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր է, քան Եվրոպայում։ Ընդսմին՝ մինչ այսօր չի արձանագրվել դեպք, որ թողարկողները չկատարեն իրենց պարտավորությունը ներդրողների հանդեպ։ Եթե պետական պարտատոմսերի ճնշող տոկոսադրույքի հանգամանքը չլիներ, ապա հայկական կապիտալի շուկան վաղուց կայացած կլիներ։ Սակայն այն պարագայում, երբ պետությունը պարտատոմս է թողարկում վարկերի տոկոսադրույքին համարժեք գնով, մասնավոր պարտատոմսերը հեռանկարային լինել չեն կարող։ 

Հարկ է նշել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բավական յուրօրինակ կերպով ազդեց Հայաստանի կապիտալի շուկայի վրա։ Զարմանալիորեն՝ հենց 2009-ին գրանցվեցին կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ռեկորդային ծավալները։ Դա մասամբ տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճ արձանագրեց (գինը նվազեց)՝ որոշ ներդրողների մոտ տեղի ունեցավ պարտատոմսերից փախուստ։ Բավական է ասել, որ կորպորատիվ պարտատոմսերով 2009 թ. տեղի է ունեցել 10,5 մլրդ դրամի առեւտուր՝ մոտ 5 անգամ ավելի շատ, քան նախաճգնաժամային 2008-ին; Որոշ պարտատոմսերի եկամտաբերության աստիճանը ճգնաժամի պայմաններում էապես բարձրացավ (սա նշանակում է, որ պարտատոմսը էժանացել է): Այսպես՝ ACP ընկերության պարտատոմսերը 2009 թ. վաճառվել են մինչեւ 19,5 տոկոս եկամտաբերությամբ, իսկ «Վալետտայի» երրորդ թողարկման պարտատոմսերը՝ մինչեւ 17 տոկոս եկամտաբերությամբ; Չնայած առաջացած աժիոտաժին՝ որեւէ ընկերություն չի հայտարարել իր պարտավորություններից հրաժարման մասին, եւ ամբողջությամբ սպասարկել է այն։ Սակայն արդեն 2010 թ., երբ նկատվեցին ճգնաժամից դուս գալու միտումներ, բորսայում պարտատոմսերի առեւտուրը էապես նվազեց՝ կազմելով մոտ 3 մլրդ դրամ;

Ճգնաժամի մյուս ազդեցությունն այն էր, որ գործնականում դադարեցվեցին նոր պարտատոմսերի թողարկումները; Սակայն չի բացառվում, որ կապիտալի շուկան ռազմավարական թեքում կատարի պարտատոմսերից դեպի բաժնետոմսեր, ինչի նախանշանները զգացվում են այս տարվանից։ Նշենք, որ արժեթղթեր թողարկել ցանկանում են շատ ընկերություններ, սակայն հայկական ընկերությունների մենեջերների համար սա շատ խորթ եւ անծանոթ շուկա է։ Եթե այս հոգեբանական արգելակները հանվեն, իսկ մենեջմենտի որակը բարձրանա՝ ապա կապիտալի շուկան էապես կաշխուժանա։

Կապիտալի շուկայում ներկայում գործում են 8 ներդրումային ընկերություններ։ Արժեթղթերի մեջ նրանք ներդրումներ են կատարում եւ իրենց, եւ հաճախորդների միջոցներով։ Ոլորտը բավականաչափ մրցակցային է, ինչը պոտենցիալ ներդրողներին ընտրության հնարավորություն է տալիս։ Սակայն առայժմ ներդրումային ընկերությունների գործունեությունը համարյա դուրս է մամուլի ուշադրությունից։ Սա հայաստանյան կապիտալի շուկայի հիմնական թերություններից մեկն է՝ պոտենցիալ ներդրողների ուշադրությունը որեւէ կերպ չի ուղղորդվում դեպի կապիտալի շուկա։

Սկսած 2010 թ.-ից՝ հայկական կապիտալի շուկան հանդարտվել է։ Առուվաճառքի գործարքներում տոկոսադրույքները տատանվում են 10-13 տոկոսի շրջանակներում։ Շուկային մոտ կանգնած փորձագետները ակնկալում են, որ տնտեսության վերականգնմանը զուգահեռ՝ պարտատոմսերի եւ բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը կաճի։

Սամվել Ավագյան