Մարդկանց կուտակումների վայրերում դիմակ կրելը հուլիսի 25-ից պարտադիր է դարձել Բելգիայում՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Սոֆի Վիլմսն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս շաբաթ՝ հուլիսի 25-ից, դիմակ կրելը պարտադիր կդառնա շուկաներում, առեւտրային փողոցներում եւ ցանկացած այլ մարդաշատ վայրում: Նման վայրերը յուրաքանչյուր մարզում պետք է սահմանվեն տեղական իշխանությունների կողմից: Բացի այդ, դիմակ պետք է կրեն բոլոր պետական գերատեսչություններում»,- նշել է Վիլմեսը:
Բելգիայում բոլոր հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է: 1․5 մետր սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի փակ եւ բաց տարածքներում: Բացի այդ, յուրաքանչյուր բնակչի համար անձնական շփումների քանակը չպետք է գերազանցի շաբաթական 15 մարդը: Նույնքան մարդ կարող է միաժամանակ գտնվել ցանկացած տեսակի հասարակական կամ մասնավոր միջոցառմանը: Բելգիայում դիմակ կրելու նորմերին չհետեւելու համար 250 եվրո տուգանք է սահմանված:
Հունիսի երկրորդ կեսին Բելգիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մնում էր օրական 100 մարդուց ոչ ցածր մակարդակում, սակայն հուլիսի սկզբից այն կրկին սկսեց բարձրանալ: Անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ օրական առնվազն 300 նոր դեպք էր գրանցվել: Համավարակի սկզբից ի վեր Բելգիայում գրանցվել է վարակման 64․6 հազար դեպք, մահացել է 9․8 հազար մարդ:





























