Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր՝ հուլիսի 24-ին բողոքի ակցիա էին անցկացրել համայնքի բնակիչները՝ նախօրեին դանակահարությամբ ավարտված վիճաբանության առնչությամբ ոստիկան Գեղամ Հովհաննիսյանին պաշտոնանկ անելու պահանջով և ստորագրահավաք են անցկացրել։

Վիճաբանությունն սկսվել է, երբ շինարարական աշխատանքների համար բեռնափոխադրում իրականացնող մեքենայից շինարարական նյութեր են թափվել, ինչի հետևանքով ոստիկանը նկատողություն է  արել, քաղաքացիների հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ համայնքի բնակիչների, ոստիկանը հայհոյանքներ է հնչեցրել, դրանից հետո վեճը թեժացել է, և երկու մարդ դանակահարվել է:

Քաղաքացին լրագրողներին պատմել է, որ իրենք շինարարական աշխատանքների համար մեքենայով հողը բարձրացնելիս են եղել դեպի Աղվերան համայնք: Իրենց համագյուղացի Հովհաննիսյան Գեղամը, որն աշխատում է ոստիկանությունում, բարկացել է, որ երբ մեքենան հասել է իրեն պատկանող խանութի մոտ և դրանից մի քանի կտոր հող է թափվել խանութի մոտակայքում:

«Այդ երկու կտոր հողի համար նա գալիս է այնտեղ, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ,  տեղի է ունենում միջադեպ: Գալիս ասում է, որ այդտեղ շինարարական աշխատանքներ չպետք է կատարվեն, մենք հարցնում ենք՝ ինչո՞ւ, եթե կա թույլտություն, Գեղամ Հովհաննիսյանը  ասում է, որ հող ենք թափում իր տարածքում, բայց այդ ճանապարհով  մեքենաները բարձրանում են դեպի պանսիոնատներ. ճանապարհն իր սեփականությունը չէ»,- նշեց քաղաքացին:

Վերջինիս խոսքով՝ Գեղամ Հովհաննիսյանը այդտեղ է կանչում ոստիկանների խումբ և ասում, որ մեքենան պետք է տանեն տուգանային հրապարակ,  քանի որ ծածկ չկա վրան, քաղաքացիները պատասխանում են, որ կարող են տուգանել, բայց ոստիկանները չեն համաձայնել՝ ասելով, որ Հովհաննիսյան Գեղամն ասել է՝ պետք է տանեն:

«Այնուհետև մոտ 30 հոգի այլ համայնքներից ևս հավաքվում են, գնում քրոջս տղային տանից հանում, առևանգում են ու 30 հոգով ծեծում, ինչի հետևանքով բազմաթիվ կոտրվածքներ է ստանում քրոջս տղան, այս պահին նա հիվանդանոցում է, վիրահատել են նրան, վիճաբանության ընթացքում դանակահարվել է Գեղամ Հովհաննիսյանի տղան»,- ասաց քաղաքացին:

Նրա խոսքով՝ ոստիկան Գեղամ Հովհաննիսյանը  բոլոր համագյուղացիներին հայհոյել է, առանց որևէ պատճառի. «Կարանտին չլիներ՝ բոլոր համագյուղացիները կգային և մեզ հետ միասին կպահանջեին Գեղամ Հարությունյանի պաշտոնազրկումը, քանի որ իր պատճառով այսօր 2 երիտասարդ, որից մեկն իր տղան է, մյուսն էլ  քրոջս տղան, այժմ հիվանդանոցում են հայտնվել»,-նշեց նա:

Քաղաքացիները դիմում են գրել ոստիկանություն, անցկացրել ստորագրահավաք՝ պահանջելով, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար Գեղամ Հովհաննիսյանը պաշտոնազրկվի, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ անձը խնդիր է ունենում համագյուղացիների հետ:

Չարենցավանի ոստիկանությունում գործ է հարուցվել, այժմ գործն ընթացքի մեջ է: