Միացյալ Նահանգները պատրաստ են քննարկել Իրանի հետ Աֆղանստանում խաղաղ կարգավորման հարցը եւ կցանկանային, որ Թեհրանը նույնպես պահպանի այդ պայմանները։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ շատ կարեւոր է որ հարցը խաղաղ կարգավորում ստանա եւ պահպանվի, եւ որ տարածաշրջանը եւս ներգրավված լինի դրական իմաստով։ «Իսկ մենք անգամ համաձայնվել ենք անցկացնել հանդիպումներ Աֆղանստանի հարցով Իրանի հետ, քանի որ կցանկանայինք, որ Իրանը եւս սատարի այդ ջանքերը»,-ասել է հատուկ ներկայացուցիչը։ Ընդ որում՝ Հալիլզադը չի հիշատակել հանդիպումներն անցկացնելու որեւէ ընթացիկ առաջարկի մասին։
Կիրակի Իրանի ԱԳՆ տեղակալ Աբաս Արագչին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են տրամադրել ներաֆղանական բանակցություններ անցկացնելու հնարավորություն երկրում խաղաղություն հաստատելու հարցում իրենց տարածքում, եթե այդ մասին խնդրի Քաբուլը։ Ընդ որում՝ նա հավելել է, որ Աֆղանստանում քաղաքականության համատեքստում «Վաշինգտոնին չի կարելի վստահել»։
Փետրվարի 29-ին Դոհայում ստորագրվել էր խաղաղ համաձայնագիր ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ, համաձայն որի՝ միջաֆղանական խորհրդակցությունները պետք է մեկնարկեին դեռեւս մարտի 10-ին։ Նշվում էր, որ այդ ժամանակ պետք է ազատ արձակվեր շարժման շուրջ 5 հազար կողմնակից եւ արմատականների կողմից պահվող մինչեւ հազար մարդ։



























