Ռոտենբերգների ընտանիքը (առանցքային ակտիվն է «Մոստոտրեստը») 6 տարում առաջին անգամ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահարուստ գերդաստանների վարկանիշում՝ հետ մղելով նախկին առաջնորդներ Գուցերիեւներին, հաղորդվում է Forbes ամսագրի կայքում։

Այս տարի ցուցակում առաջին տեղը նվաճել են Ռոտենբերգները․ մեկ տարում նրանց կարողությունն աճել է 270 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 5,45 մլրդ դոլարի։ Արդյունքը 100 մլն դոլարով պակաս է, քան 2014 թվականին, երբ ընտանիքը առաջին եւ միակ անգամ գլխավորեց վարկանիշը, նշում է Forbes-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռոտենբերգների կարողությունը աճել է հիմնականում մեկ խոշոր գործարքի հաշվին՝ պետական «Գազպրոմին» 75 մլրդ ռուբլով «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքի։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Գուրեւների ընտանիքը՝ «Ֆոսագրոյի» սեփականատերերն են, 5,1 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանք այս տարի առաջին անգամ են ներառվել վարկանիշում։ Գուցերիեւների բիզնես գերդաստանը, որն անընդմեջ 5 անգամ զբաղեցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը, այս տարի տեղափոխվել է երրորդ տեղ՝ 3,2 մլրդ դոլար կարողությամբ, ինչը 2,45 մլրդ դոլարով քիչ է, քան անցյալ տարի։

Ամսագրի վարկանիշում չորրորդ տեղը զբաղեցրել է Շայմիեւների ընտանիքը (բաժնեմաս են տնօրինում ՏԱԻՖ խմբում)՝ 2,85 մլրդ դոլար կարողությամբ։

Ութերորդ տեղում Սարկիսովների ընտանիքն  է՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ։ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսով եղբայրները տնօրինում են ՌԵՍՕ խումբը, որի հիմնական ակտիվն է Ռուսաստանում խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը՝ «ՌԵՍՕ-Գարանտիան»։ Նրանց երկուսին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 60,6 տոկոսը, եւս 36,7 տոկոս պատկանում է ԱԽԱ ֆրանսիական ապահովագրական եւ ներդրումային խմբին, որն աշխարհում խոշորագույններից մեկն է։ Սարկիսովների սեփականությունն է մեծ թվով արտասահմանյան անշարժ գույք․ 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, ամրոց Ֆրանսիայում եւ այլն։ Սերգեյ Սարկիսովի ավագ որդի Նիկոլայը ռեժիսոր է, հոր հետ միասին ԱՄՆ-ում տնօրինում է Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն 8 կինոնկար է թողարկել։ Ինքը՝ Սերգեյ Սարկիսովը կինոյով է զբաղվում ոչ միայն Ամերիկայում, այլ նաեւ Ռուսաստանում։ 2019 թվականի մայիսի 9-ին լայն վարձույթ է դուրս եկել նրա առաջին լիամետրաժ «Դեպի Փարիզ» ֆիլմը։ Ռեժիսորը կարանտինն անցկացրել է Նիսի իր առանձնատանը, հիմա նա աշխատում է նոր սցենարի վրա եւ սպասում ԱՄՆ-ում իր «Պաշարվածը» սպորտային դրամայի պրեմիերային, նա կինոնկարի պրոդյուսերն է։

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունն աճել է 1,5 մլրդ դոլարով՝ հասնելով մինչեւ 26,8 մլրդ դոլարի։ Նշվում է, որ սա տեղի է ունեցել հիմնականում ցուցակում նոր անունների հայտնվելու պատճառով՝ Գուրեւների ընտանիքի, որը միանգամից երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ընդ որում՝ վարկանիշի մեջ մտնելու ստորին շեմը անցյալ տարվա 1,16 մլրդ դոլարից նվազեցվել է մինչեւ 1,1 մլրդ դոլար։