Ռուսաստանում պարաշյուտ է ստեղծվել ծառայողական շների դեսանտի համար։ Այս մասին «Բանակ-2020» համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Տեխնոդինամիկա» (մտնում է «Ռոստեխի» մեջ) հոլդինգի գլխավոր տնօրեն Իգոր Նասենկովը։

«Մշակված է շների համար կախովի համակարգ, որը կիրառվում է հատուկ նշանակության պարաշյուտային համակարգերի հետ։ Այն պետական փորձարկումների համար փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պետական թռիչքա-փորձարարական կենտրոն։ Աշխատանքների ավարտման նախատեսված ժամկետն է 2021 թվականի դեկտեմբերը»,- ասել է նա։

«Բանակ-2020» ռազմատեխնիկական միջազգային համաժողովը Ռուսաստանի ԶՈւ «Պատրիոտ» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնի տարածքում բացվել է  օգոստոսի 23-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 29-ը։ Ցուցադրությունների մի մասն անցկացվում է Ալաբինո հրաձգարանում, Կուբինկի օդանավակայանում եւ Աստրախանի մարզի Աշուլուկ հրաձգարանում։ Համաժողովին նախատեսել են մասնակցել աշխարհի մոտ 100 երկրի ներկայացուցիչներ։ Ավելի քան 1,5 հազար կազմակերպություններ եւ ձեռնարկություններ կցուցադրեն մոտ 28 հազար ցուցադրանմուշներ։ Ստատիկ եւ դինամիկ ցուցադրություններին կմասնակցեն գրեթե 700 միավոր ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։