Բոսնիա եւ Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ Զորան Տեգելտիայի COVID-19-ի թեստը դրական է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին:

«Տեգելտիան COVID-19-ի թեսթավորում է անցել, որի արդյունքը դրական է: Նա տնային մեկուսացման մեջ է, նրա առողջական վիճակը կայուն է, իսկ կորոնավիրուսի ախտանիշները թույլ են արտահայտված: Նախարարների խորհրդի նախագահի կաբինետը ձեռնարկել է պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- հակիրճ հաղորդել է նախարարների կաբինետը:

Բոսնիան նախօրեին մահացության հերթական ռեկորդն է սահմանել ամբողջ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում: Անցած 24 ժամվա ընթացքում 49 մարդ է մահացել, վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 1457-ի: Մինչեւ ուրբաթ օրը երկրում մեկ օրում հայտնաբերվել է 1921 նոր հիվանդ, ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից վարակվել է 59 427 մարդ: