Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցելու փաստի համար մեղավորները պետք է պատժվեն, հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը:
«Այս փաստը պահանջում է հետաքննություն, կատարվածի բոլոր փաստերի եւ հանգամանքների պարզում եւ մեղավորների հանդեպ դատավարություն՝ անկախ Ադրբեջանի կողմից մեղավորների կոչումներից, պաշտոններից»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Շվիտկինը:
Նա նաեւ կարծում է, որ «ցավոք, այդ փաստը որոշակիորեն կստվերի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները՝ ի վերջո մարդիկ են մահացել, եւ ոչ մի փոխհատուցում չի կարող փոխարինել մարդկային կյանքին»:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական Մի -24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը դուրս է բերվել միջին ծանրության վնասվածքներով: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ «պատահաբար» խոցել է ռուսական ուղղաթիռը:





























