Լռությունից գրեթե մեկ օր անց հայտարարվեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի իր ֆինանսների նախարարի եւ փեսայի` Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, գրում է Ahval-ը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնվում Ալբայրաքին` COVID-19 համավարակի ընթացքում ծառայության համար:

Նշվում է, որ Էրդողանը ֆիննախի պաշտոնում նշանակել է Լութֆի Էլվանին:

Ավելի վաղ Էլվանը զբաղեցնում էր Թուրքիայի փոխվարչապետի եւ տրանսպորտի եւ զարգացման նախարարի պաշտոնը:

Պարբերականը նշում է, որ Ալբայրաքի հրաժարականը ազդարարում է նոր ուղղվածության մասին Էրդողանի կաբինետում` կորոնավիրուսի կապակցությամբ ճնշման, լիրայի անկման եւ միջազգային ներդրողների մտահոգությունների ֆոնին:

Independent Türkçe պարբերականը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ, հայտնել է, որ շուտով ավելի մեծ ցնցումներ են սպասվում Թուրքիայի նախարարների կաբինետում: