2,5 տարի շարունակ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ եւ ուղիղ մասնակցությամբ թիրախավորում է այն ամենը, ինչ ձեւավորում է հային եւ հայկականությունը, մեր սովորույթներն ու ավանդույթները, մեր դավանանք, մշակույթը, կրթությունը: Այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության վարչության անդամ Արա Հակոբյանը:
Մինչ այդ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Արա Հակոբյանի մասին ասաց. «Հակառակ իր տարիքին, նա առանց որեւէ քարոզչական քայլի, որեւէ սելֆիների, իր ընկերների հետ հագավ զինվորական հագուստ, գլուխը կախ գնաց հայրենիքի պաշտպանությանը»:
Արա Հակոբյանն իր խոսքում ասաց. «Նիկոլ Փաշինյանն այս իշխանության հետ միասին կարծում է, որ կատարեց իր հիմնական առաքելությունը՝ հանձնել Արցախը թշնամուն: Հանձնել այնպես, որ մենք այլեւս հնարավորություն չունենք վերադարձնելու: Մենք տալու ենք մեր կռիվը պատերազմի դաշտում, այստեղ Երեւանում, այնտեղ Արցախում, ամբողջ աշխարհում: Արցախը վերադառնալու է մայր հայրենիքին, չի ստացվելու իշխանություններին, նրան սատարող ուժերին, թշնամիներին իրականացնելու իրենց դավադրական ծրագրերը: Չի ստացվելու»:
Այնուհետեւ նա դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին, որոնք չեն եկել Ազգային ժողով, որպեսզի արտահերթ նիստ գումարվի. «Հարգելի պատգամավորներ, դուք էդ ի՞նչ թելերով եք կապված Նիկոլ Փաշինյանի հետ, էդ ի՞նչ երդում եք կերել մեր թշնամիներին, էդ ինչ եք ուզում, միթե բոլորդ մեղսակից եք այդ ծրագրերին, այդ դավադրությանը: Եթե դուք չեկաք այստեղ ձեր տիրոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հրաժարական եք տալու: Ժողովուրդը թույլ չի տալու, որ դուք նոր իշխանության մաս լինեք: Մենք պահանջում ենք ձեզնից՝ եկեք ու կատարեք ձեր պարտքը:
Միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարող ենք իրավիճակ փոխել»:





























