Լիբանանի ոստիկանությունը շաբաթ օրը սկսել է պարեկություն անցկացնել Բեյրութի փողոցներում, խանութները փակվել են, եւ երկրում ուժի մեջ է մտել երկշաբաթյա կարանտինը՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, որը վերջին օրերին տասնյակ մարդկանց կյանք է խլել, հայտնում է Associated Press-ը:

Վերջին շաբաթներին Լիբանանում վարակների թիվը կտրուկ աճել է, իսկ վերակենդանացման բաժանմունքները գրեթե լիքն են հիվանդներով:

Կարանտինը մտցվում է երկրում վերջին տասնամյակների տնտեսական եւ ֆինանսական ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Այս տարվա ընթացքում տեղական արժույթի՝ լիբանանյան ֆունտի փոխարժեքը փլուզվել է 80%-ով, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց աշխատանքի:

Գիշերային պարետային ժամը կտեւի մթնշաղից լուսաբաց, իսկ կիրակի օրերին երթեւեկությունը կարգելվի:

Բացի այդ, փողոցներում կան ոստիկանական անցակետեր՝ կարանտինի կանոնների պահպանմանը հետեւելու համար: