Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում:

Սակայն միեւնույն ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրությունները կեղծված էին՝ դարձյալ հաստատելով իր նախկին մեղադրանքները քվեարկության արդյունքների կապակցությամբ:

«Դիտորդներին թույլ չեն տվել անցնել ձայների հաշվարկի, ձայները հաշվել է Dominion ընկերությունը, որն ունի վատ հեղինակություն եւ պատկանում է ձախ արմատականներին»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում:

«Նա հաղթել է միայն կեղծ ԶԼՄ-ների աչքերում: Ես ոչինչ չեմ ընդունում: Մենք պետք է երկար ճանապարհ անցնենք: Դրանք կեղծված ընտրություններ էին»,-հավելել է նա իր մեկ ուրիշ թվիթում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել ԱՄՆ տարբեր նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, սակայն Թրամփը չի շտապում ճանաչել Ջո Բայդենի հաղթանակը, որից հետո պետք է մեկնարկի իշխանությունը փոխանցելու գործընթացը: