Մոլդովայի նախկին վարչապետ, «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն հաղթում է հանրապետության նախագահական ընտրություններում՝ հավաքելով երկրորդ փուլում ձայների 55 տոկոսը, ինչպես վկայում են exit-poll-ի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կիրակի Մոլդովայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ քաղաքացիներն ընտրել են երկրի ղեկավար առաջիկա չորս տարիների համար: Ընտրությունների երկրորդ փուլում մրցել են Սանդուն եւ երկրորդ ժամկետի համար առաջադրված ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը:

«Exit-poll-ը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում առաջատարն է Մայա Սանդուն՝ ձայների 55 տոկոսով, իսկ Իգոր Դոդոնը հավաքել է 45 տոկոս»,-հայտնել է հետազոտող ընկերության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ հարցմանը մասնակցել է 15511 մարդ 77 բնակավայրից, սխալի հավանականությունը կազմում է 5,2 տոկոս: Ինչպես մանրամասնել է Լիսնեւսկին, ըստ վերջին տվյալների՝ Սանդուն հավաքել է ձայների 54,8 տոկոսը՝ ի տարբերություն Դոդոնի ստացած 45,2 տոկոսի:

Համաձայն Մոլդովայի օրենսդրության՝ նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչվում ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն: