Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամոյլուի դեմ՝ կապված Միջերկրական եւ Սեւ ծովերը միացնող ջրանցք կառուցելու ծրագրերի վերաբերյալ նրա քննադատական արտահայտությունների հետ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Թուրքիայի մայրաքաղաքի վարչակազմը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Իմամոյլուն նոր ջրանցքի կառուցման նախագիծը անվանել էր «Էրդողանի խելագար նախագիծ»:

Թուրքիայի նախագահը, ինչպես հաղորդվում է, դրա իրականացման անհրաժեշտությունը հիմնավորում է Բոսֆորի գերծանրաբեռնվածությամբ:

Ըստ նախագծի, որը գնահատվում է 75 միլիարդ թուրքական լիրա (մոտ 10 միլիարդ դոլար), Բոսֆորից արեւմուտք նախատեսվում է փորել Ստամբուլյան ջրանցք:

Թուրքիայի ՆԳՆ ուշադրությունը գրավել են պաստառները, որոնք Ստամբուլում սկսել են հայտնվել քաղաքապետի ընտրություններում ընդդիմության առաջնորդ Իմամոյլուի հաղթանակից հետո: Այս պաստառներով, մասնավորապես, քաղաքացիներին առաջարկվում է ընտրություն կատարել Ստամբուլի եւ ջրանցքի միջեւ: «Կա՛մ Ստամբուլը, կա՛մ ջրանցքը: Ո՞ւմ է պետք Ստամբուլի ջրանցքը»: - գրված է պաստառների վրա:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նման պաստառները հակասում են Թուրքիայի սահմանադրության հոդվածներին, ըստ որոնց արգելվում է «վարչարարության ամբողջականության եւ պետական քաղաքականության» հետ անհամաձայնություն հայտնելու համար ներգրավել հանրային ռեսուրսներ:

Միեւնույն ժամանակ, Էրդողանի նախագծի քննադատները նշում են, որ նոր ջրանցքի կառուցումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա եւ նույնիսկ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի տարածաշրջանում, որտեղ ավելի քան 15 միլիոն մարդ է ապրում: