Հայաստանում իշխանական կառույցները չեն կարող իրենց թույլ տալ, որպեսզի հասարակությունը ներսից պառակտվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրա (Փաշինյանի) հասցեին ինչ-որ դավաճանության մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է: Սա անկախ, ինքնիշխան պետություն է, այս պետությունն իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը այնպես, ինչպես հարկ է համարում»:

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանական կառույցները չեն կարող իրենց թույլ տալ, որպեսզի հասարակությունը ներսից պառակտվի: «Պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը, ինչպես միշտ եղել է նախորդ տարիներին, դեռևս չի կարող իրեն թույլ տալ նման վարքագիծ դրսեւորել, այդ թվում՝ իշխանության կազմակերպման ոլորտում, հասարակությունը ներսից պառակտելու համար: Սա, ինձ թվում է, բացարձակապես անընդունելի է, հակաարդյունավետ է և ծայրաստիճան վտանգավոր», - ասել է Պուտինը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»:

«Լավ բանի դա չի բերի: Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, հասարակությանը պետք է համախմբել, ոչ թե քայքայել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ 2018-ին զանգվածային ցույցերի ալիքի վրա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ հասկանում, թե ինչ է նկատի առնվում: Վերջերս Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինի խոսքով՝ «Փաշինյանի հետ բավականին վստահելի ու կառուցողական հարաբերություններ» են հաստատվել: «Հետևաբար, այդ ակնարկները [Երևանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ] ինձ համար այնքան էլ պարզ չեն»,- ընդգծել է ՌԴ նախագահը: