Ղարաբաղը չճանաչելու փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի եւ դրա ընկալման վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է ճանաչմանը, Ղարաբաղի՝ որպես անկախ, ինքնուրույն պետության չճանաչումը, այստեղ կարող է տարբեր գնահատական ստանալ, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում՝ վերջերս ավարտված (հուսով եմ) արյունալի հակամարտության դեպքում: Քանի որ Ղարաբաղը չճանաչելու փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի եւ դրա ընկալման վրա»,-նշել է Ռուսաստանի առաջնորդը:

«Այս հարցում պետք է ուղիղ խոսել. ժամանակին, Վրաստանի նախկին ղեկավարության, անշուշտ, հանցավոր գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսեթիայում խաղաղապահների ուղղությամբ հարվածներ հասցնելը, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչել ենք, որ արդարացի էր Ղրիմի ժողովրդի կամարտահայտումը եւ այնտեղ ապրող մարդկանց ձգտումը վերամիավորվել Ռուսաստանի հետ: Մենք ընդառաջել ենք մարդկանց, մենք բացահայտ կերպով ենք դա արել»,-հիշեցրել է Պուտինը: «Ինչ-որ մեկին կարող է դուր չգալ, ինչ-որ մեկին՝ հակառակը, սակայն մենք արել ենք դա՝ մարդկանց շահերից ելնելով, որոնք ապրում են այնտեղ, եւ ամբողջ Ռուսաստանի շահերից ելնելով, եւ մենք ձգտում ենք ուղիղ խոսել այդ մասին»,-հայտարարել է նա:

Ռուսաստանի նախագահը ուշադրությունը սեւեռել է առ այն, որ «Ղարաբաղի նկատմամբ դա չի արվել, եւ դա էապես, իհարկե, ազդել է այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների վրա»: