Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում` նշելով, որ հրադադարի վերջին պայմանավորվածությունները հաշվի են առնում այդ երկրների դիրքորոշումները:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դերին, ես բարձր եմ գնահատում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների դերը: Նրանք միշտ նյութի մեջ էին եւ միշտ ուղիներ էին որոնում այս խնդիրը լուծելու համար: Եվ երբ 2013-ին Ռուսաստանը առաջարկեց ապագա կարգավորման ձեւաչափի հիմքը, եւ՛ Ֆրանսիան, եւ՛ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ պաշտպանեցին մեր առաջարկները»,- նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սակայն Պուտինը կասկած է հայտնել, թե հնարավո՞ր էր մանրամասնորեն հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների տեսակետները տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ ընթացիկ համաձայնագրերը պատրաստելիս՝ նշելով, որ վերջնական որոշումները չեն խարխլում այս ձեւաչափով մասնակից բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշման հիմքը:

Պուտինը չափազանցություն է համարում այն, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կարող էին վիրավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իրենց չմասնակցելուց՝ այս իրավիճակում «նեղանալու ժամանակը չէ»: «Ես չգիտեմ վիրավորվելու մասին: Երբ հարցերը լուծվում են, քննարկվում են այս մակարդակում եւ նման համատեքստում, երբ խոսքը վերաբերում է առողջությանը եւ կյանքին, միլիոնավոր մարդկանց ճակատագրին երկար պատմական հեռանկարի համար, նեղանալու ժամանակ չկա, ոչ էլ խռովելու ժամանակ, այստեղ բոլորովին այլ չափորոշիչներ են հաշվի առնվում»,- ասել է Պուտինը՝ խոսելով Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների «վիրավորանքի» մասին, որ իրենք չեն հրավիրվել մասնակցելու Ղարաբաղում կարգավորման մասին համաձայնագրին: «Եւ ես կարծում եմ, որ իրականում սա հիպերբոլա է, մի տեսակ գեղարվեստական չափազանցություն, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից նեղացել է»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: