Նախքան մարտերի դադարը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կրիտիկական էր, ժամերի հարց էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններն անցկացնելն անհնար էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահը հաղորդել է, որ հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին պայմանավորվածություն, սակայն այդ ժամանակ դա հնարավոր չէր իրագործել: «Եւ իրավիճակը սկսել էր ձեւավորվել այնպես, որ, ընդհանուր առմամբ, տեղի էր ունեցել այն, ինչ կարելի է կանխատեսել, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերը հսկողության տակ էին վերցրել Շուշին: Եւ, արդարացիորեն ու ազնվորեն դիմելով իր ժողովրդին՝ վարչապետ Փաշինյանն ասել է, որ իրավիճակը կրիտիկական է հայկական կողմի համար: Ժամերի հարց էր: Հնարավոր էր նաեւ Ստեփանակերտի գրավումը եւ հետագա առաջխաղացումը»,-ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների դադարեցումն այդ իրավիճակում Երեւանի շահերից էր բխում: «Ուստի այդ պայմաններում եւ հայկական կողմի շահերից էր բխում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ժամանակ չկար նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լրացուցիչ խորհրդակցություններ: Դա պարզապես իրատեսական չէր, եւ պետք էր գործել իրադրություններից ելնելով, որոնք եղել են մարտի դաշտում այդ պահին: Մենք այդպես էլ արել ենք՝ ելնելով ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների շահերից:»

Նրա խոսքով՝ Ղարաբաղի շուրջ համաձայնությունից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ: «Դա կլիներ ինքնասպանություն: Վարչապետ Փաշինյանը, որն, իհարկե, շատ բարդ իրավիճակում է, սակայն ներկայացրել է իրական պատկերը, իրական դրությունը, ինչպես եղել է եռակողմ համաձայնոթյան ստորագրման պահին, եւ ինչպես կա այսօր: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Նա ասել է ողջ ճշմարտությունը»: Ընդ որում՝ նա նշել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է հետեւել կամ չհետեւել պայմանավորվածություններին, սակայն պարտավորությունները չիրագործելը «կլիներ մեծ սխալ»: «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,-հավելել է Ռուսաստանի առաջնորդը: