Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցումը, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եւ տնտեսական կապերը վերականգնելու մասին պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման նախադրյալներ են ստեղծում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հնարավորություն է տալիս հեռանկարում կարգավորել իրավիճակը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում ոչ միայն դադարեցվել են ռազմական գործողությունները, այլեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերը վերականգնելու վերաբերյալ: «Իմ կարծիքով, դա չափազանց կարեւոր է եւ լավ հիմք է ստեղծում երկարաժամկետ հեռանկարում հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության ավարտը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքն է:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին համաձայնագրի տակ ստորագրել են ինչպես Հայաստանի վարչապետը, այնպես էլ Ադրբեջանի նախագահը, ինչպես նաեւ ռուսական պետության ղեկավարը: «Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, մենք տեղյակ ենք, որ ելնելով այս բախման սրությունից, ելնելով այն փաստից, որ վերքերը դեռ չեն ապաքինվել, դրանք շատ թարմ են, կան շատ կորուստներ, դժբախտությունը մտել է շատ տներ, շատ ընտանիքներ՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, ուստի ժամանակ է պետք, որ ամեն ինչ հանդարտվի, որպեսզի մարդիկ զգան, որ խաղաղ կյանքը վերադարձել է իրենց սրտերը, իրենց հոգիները, ահա թե ինչն է ամենագլխավորը»,- նշել է Պուտինը: