Նոյեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայում տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, սակայն կրճատված վիրտուալ ձեւաչափը կարող է սահմանափակել քննարկումները վերականգնվող կորոնավիրուսի համավարակի եւ կործանարար տնտեսական ճգնաժամի վերաբերյալ:
Մոլեգնող համավարակի ստվերում անցկացվող գագաթնաժողովը սովորաբար հնարավորություն է ընձեռում առերես հանդիպումների համար աշխարհի առաջնորդների միջեւ, սակայն այս անգամ այն կանցկացվի կարճատեւ առցանց նստաշրջանների տեսքով` հրատապ գլոբալ խնդիրների քննարկման համար` կլիմայի փոփոխությունից մինչեւ աճող անհավասարություն:
Ակնկալվում է, որ քննարկումներում կգերակշռեն «համավարակի հետեւանքները» եւ «գլոբալ տնտեսության վերակենդանացմանն ուղղված քայլերը», AFP-ին հայտնել է գագաթնաժողովի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը:
G20- ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար են հատկացրել համավարակի դեմ պայքարի համար, այդ թվում` պատվաստանյութերի արտադրության, եւ 11 տրիլիոն դոլար` համաշխարհային տնտեսությունը «պաշտպանության» համար:
Սակայն G20-ն աճող ճնշման է բախվում` զարգացող երկրներում վարկերի հետ կապված հնարավոր դեֆոլտերը կանխել օգնելու համար:
Երեքշաբթի G20-ի առաջնորդներին ուղղված նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել «ավելի համարձակ միջոցներ» ձեռնարկել եւ շեշտել է, որ կրկին «պարտքերի չեղարկում կպահանջվի»:
Ակնկալվում է, որ գագաթնաժողովին ելույթ կունենան աշխարհի առաջնորդները` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից մինչեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը:





























