Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով այսօր` մայիսի 28-ի առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը։
Մինչ նիստը` կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը։ Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախագահել են հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է արձանագրության տեքստը։
Նիստում քննարկվել են 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջեւ իրավապայմանագրային բազայի ներկա վիճակն ու զարգացման միտումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակը եւ հեռանկարային ուղղությունները, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության եւ մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ընթացքը։
Նիստում երկու երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական հանաձնաժողովի նիստի արդյունքներով ընդունված արձանագրությունը։ Ստորագրվել է նաեւ համաձայնագիր Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ «Վրացական պետական էներգահամակարգեր» ՍՊԸ-ի միջեւ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին։
Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` իններորդ նիստն անցկացնել Վրաստանում։ Աշխատանքային օրվա ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությանը տրվել է պաշտոնական ճաշ։


























