«Սամցխե-Ջավախքի եվ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը» հայտարարություն է տարածել մայիսի 30-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մայիսի 30-ին կայանալիք ընտրությունները, ջավախահայության համար, իրենց նշանակությամբ էապես տարբերվում են նախորդ ընտրություններից, քանզի վերջնականապես պարզ դարձավ ղեկավարող քաղաքական ուժի եվ նրա համակիրների` տեղաբնակներին հուզող կենսական խնդիրների նկատմամբ ակնհայտ անտարբերությունը: Ավելին` հենց նրանց սխալ ու անգրագետ գործունեության հետեվանքով է , որ այսօր ունենք հարյուր հազարավոր տնազուրկներ, փախստականներ, անթիվ-անհամար գործազուրկներ…»:

Ըստ խորհրդի՝ այսօր ջավախահայությունը պատրաստակամ է աջակցել փոխելու նման իրականությունը եվ նպաստել ստեղծելու բարգավաճ երկիր: «Հենց նման գաղափարաբանությամբ է առաջնորդվում նաեւ „Հանուն արդար Վրաստանի“ շարժումը` նոր մտածողությամբ, խոստումնալից մի քաղաքական ուժ, որը գլխավորում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Շարժումը մտահոգված է երկրի պետականության ու նրա բազմազգ քաղաքացիների ճակատագրերով, այս իսկ պատճառով էլ նրանց` Ազգային Խորհրդի նախընտրական ծրագրի հիմքում էլ ընկած են վերջիններիս հուզող մշակութային, սոցիալական, կրթական, տնտեսական եվ այլ բնագավառերում գրանցվելիք առաջընթացները: Շարժման մասնակիցները նաեւ նախատեսում են լուրջ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը եվ այլն»,- նշել են հայտարարության հեղինակները:

«Մայիսի 30-ի ընտրություններին ընդառաջ, Ախալքալաքի շրջանում մասնակից թեկնածուների գաղափարական հակակրանքն ու բորբոքված կրքերը որոշակի խժդժություններ առաջացրեցին եվ անհավասարակշիռ գործողությունների պատճառ դարձան: Նման պարագայում, խորհուրդը այս գործողությունները անիմաստ է համարում` կոչելով կողմերին ցուցաբերել հանգստություն եւ կամայնություն: Մենք գտնում ենք, որ նման գործողությունները երբեք էլ դրական արդյունք չեն ապահովի. դրանք միայն կաղավաղեն ու կխոչընդոտեն արդար ընտրությունների կայացմանը»,- նկատել են հայտարարության հեղինակները: