Կանայք նախընտրում են գործունեության այն տեսակները, որոնք ուղղված են մարդկանց հետ աշխատանքին, պարզել են Արիզոնայիի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Sex Roles ամսագրում։

Իսկ տղամարդիկ նախընտրում են գործիքների եւ իրերի հետ կապված աշխատանքները։ Կանայք, ի դեպ, ավելի հաճախ են նախընտրում գործունեության հեղինակավոր տեսակները, ինչպես նաեւ այն աշխատանքները, որոնք կապված են գաղափարների արտադրման հետ։

Աշխարհի տարբեր մշակույթներում մասնագիտական հետաքրքրությունների տարբերություններն ուսումնասիրելու համար հեղինակները հետազոտել են օնլայն հարցման տվյալները, որն անցկացրել է Time ամսագիրը։ Գիտնականներն ուսումնասիրել են 42 երկրներից 75 հազար հարցման ենթարկվածների պատասխանները։

Տղամարդկանց եւ կանանց աշխատանքային նախընտրությունների տարբերությունը միատեսակ չի եղել. այն ամենափոքրն է եղել Վրաստանի եւ ամենամեծը՝ Վենեսուելայի մասնակիցների համար։

«Կանայք, որպես կանոն, ավելի հետաքրքրված են եղել գաղափարական աշխատանքով, քան տղամարդիկ, բոլոր երկրներում, բացի Ֆիլիպիններից եւ Լեհաստանից։ Այնտեղ կանայք նախապատվությունը տվել են տվյալների հետ աշխատանքին։ Կանայք, որպես կանոն, ավելի շատ են հետաքրքրված եղել հեղինակությամբ, քան տղամարդիկ բոլոր երկրներում, բացի Կանադայից, Չիլիից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մալայզիայից, Պակիստանից, Կորեայի Հանրապետությունից եւ Սինգապուրից»,- նշել են գիտնականները։

Սակայն հեղինակները նշել են, որ իրենց ընտրանքը սահմանափակումներ է ունեցել. հարցման ենթարկվածներն ավելի կրթված եւ ֆինանսապես ապահովված են եղել, քան իրենց երկրի միջին բնակիչը։ Ապագայում նրանք հույս ունեն կրկնել աշխատանքն ավելի մեծ ընտրանքով։