Մի քանի տասնյակ իսպանական ընկերություններ 150 հազար եվրո կստանան երկրի իշխանություններից աշխատանքային շաբաթն առանց աշխատակիցների աշխատավարձը իջեցնելու կրճատելու համար, տեղեկացրել է RTVE հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով կառավարության պիլոտային նախագծին ծանոթ աղբյուրներին։ Պլանը, ինչպես սպասվում է, ներկայացվելու է առաջիկա օրերին։

Նախաձեռնության համար տրամադրվելու է 10 մլն եվրո, իսկ դրան կարող են մասնակցել 60-70 փոքր եւ միջին ձեռնարկություններ։ Նրանք պետք է առնվազն 10 տոկոսով կրճատեն իրենց աշխատակիցների աշխատանքային շաբաթը եւ այդ պլանին հետեւեն առնվազն երկու տարի։ Տրամադրված միջոցներն ընկերությունները կարող են ուղղել աշխատակիցների ուսուցմանը՝ նրանց աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, ինչը կփոխհատուցի աշխատանքային ժամանակի կրճատումը։

Նախաձեռնությունը համաձայնեցվել է երկրի կառավարության եւ Mas Pais կուսակցության միջեւ՝ որպես նրա կողմից 2022թ. պետական բյուջեին աջակցության պայմաններից մեկը։