Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս ընկած թունելում վառելիքի լցանավի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 19 եւ վիրավորվել 32 մարդ, հայտնում է AP լրատվական գործակալությունը վկայակոչելով տեղի իշխանություններին:

Սալանգ թունելը, որը գտնվում է Քաբուլից մոտ 80 մղոն հյուսիս, կառուցվել է 1960-ականներին՝ խորհրդային զորքերին օգնելու համար: Այն առանցքային կապ է երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ:

Փարվան նահանգի խոսնակ Սաիդ Հիմաաթուլլա Շամիմը հայտնել է, որ շաբաթ գիշեր թունելում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Նա նշել է, որ ողջ մնացածները դեռեւս փլատակների տակ են, եւ որ զոհերի թիվը կարող է աճել։

Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 20:30-ին։

Տեղի պաշտոնյա դոկտոր Աբդուլլահ Աֆղանի խոսքով՝ Փարվանի առողջապահության վարչությունը ստացել է 14 զոհի մարմին եւ 24 վիրավոր։ Նրա խոսքով, մահացածների թվում են հինգ կին եւ երկու երեխա, մնացածը տղամարդիկ են, ովքեր ծանր այրվածքներ են ստացել եւ հնարավոր չէ մարմինները ճանաչել:

Հանրային աշխատանքների նախարարության խոսնակ Մոլվի Համիդուլլահ Միսբահը ավելի վաղ ասել էր, որ հրդեհը մարվել է, եւ թունելը մաքրելու ուղղությամբ աշխատանքները դեռեւս շարունակվում են: