Միլիարդատեր Բիլ Գեյթսն ասել է, որ մարդկությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, պետք է ակտիվորեն ֆինանսավորի տեխնոլոգիաները, հակառակ դեպքում հաջորդ սերունդը սարսափելի ապագա կունենա, հայտնում է CNBC-ն։
«Մարդու համար ամենամեծ մարտահրավերը ածխածնի զրոյական արտանետումների հասնելն է լինելու: Մենք պետք է հեղափոխենք ամբողջ տնտեսությունը՝ այնպես, ինչպես ստեղծում ենք իրեր, շարժվում ենք, արտադրում ենք էլեկտրաէներգիա, աճեցնում սնունդ եւ ջերմ ու զով ենք մնում», - ասել է գործարարը:
Լավ նորությունը, ըստ Գեյթսի, այն է, որ կլիմայական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները գերազանցել են իր սպասումները. «Վերջերս ես սկսեցի աշխարհին նայել նոր ոսպնյակով. հաջորդ տարի ես պապիկ եմ դառնալու»:
Միլիարդատերը բացատրել է, որ այժմ մարդկության խնդիրներն ավելի էմոցիոնալ է ընկալում եւ նշել. «Երբ ես մտածում եմ աշխարհի մասին, որում ծնվելու է իմ թոռնիկը, ես ուզում եմ օգնել բոլոր թոռներին՝ գոյատեւելու եւ բարգավաճելու հնարավորություն ստանալ: Եթե մենք չհասնենք զրոյական արտանետումների մակարդակին, ապա մեր թոռները սարսափելի աշխարհում կմեծանան»։



























