Մի քանի երկրների գիտնականներից կազմված թիմը Գվատեմալայի հյուսիսում հայտնաբերել է մայաների քաղաքակրթության 2000-ամյա հսկայական բնակավայր։ Հետազոտությունը հրապարակվել է Ancient Mesoamerica ամսագրում:
Գիտնականները, տարածքն ուսումնասիրելու համար, օգտագործել են LiDAR տեխնոլոգիան, որն սկզբունքորեն նման է ռադարին, սակայն հիմնված է լազերային ճառագայթման վրա, այլ ոչ թե ռադիոալիքների: Լազերը թույլ է տալիս հայտնաբերել արեւադարձային անտառների խիտ բուսականության տակ թաքնված առարկաներ։
LiDAR-ը գիտնականներին թույլ է տվել հայտնաբերել հնագույն քաղաքակրթության հետքեր՝ մոտ 1700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ավելի քան հազար բնակավայրերից կազմված: Այս հայտնագործությունը հերքում է այն տեսությունները, որ վաղ Մեսոամերիկյան բնակավայրերը սակավաբնակ են եղել։ Արահետների ընդհանուր երկարությունը հասել է մինչեւ 180 մետրի, ինչը մարդկանց համար հեշտացրել է հարեւան բնակավայրեր այցելելը։
Հետազոտողները ապացույցներ են գտել նաեւ մեծ հարթակների եւ բուրգերի, ինչպես նաեւ գնդակով ծիսական խաղերի համար նախատեսված մարզադաշտերի: Սա խոսում է այն մասին, որ որոշ բնակավայրեր զգալի տնտեսական եւ քաղաքական նշանակություն են ունեցել։ Հետազոտողները պարզել են նաեւ, որ քաղաքակրթության ներկայացուցիչները կառուցել են ջրանցքներ եւ ջրամբարներ՝ ջրի շարժման եւ պահեստավորման համար, ինչը նրանց թույլ է տվել ջուր ունենալ չոր ժամանակահատվածում:



























