Գենդերային հավասարությունը կարող է նպաստել տղաների, բայց ոչ աղջիկների բարեկեցության սուբյեկտիվ զգացողության բարձրացմանը, պարզել են Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Personality and Social Psychology Bulletin ամսագրում:

Հոգեկան առողջության հիմնական բաղադրիչներից մեկը սուբյեկտիվ բարեկեցությունն է: Սուբյեկտիվ բարեկեցությունը սովորաբար սահմանվում է որպես կյանքից բավարարվածության, դրական հույզերի առկայության եւ բացասական հույզերի բացակայության համադրություն: Կոպիտ ասած՝ մարդու սուբյեկտիվ բարեկեցության բարձր մակարդակը վկայում է այն մասին, որ նա երջանիկ է։

Գիտնականները վերլուծել են իրենց կյանքից բավարարվածության վերաբերյալ 900 000 դեռահասների շրջանում անցկացված հարցման տվյալները: Արդյունքները ցույց են տվել, որ տղաները միջին հաշվով ավելի գոհ են իրենց կյանքից, քան աղջիկները, եւ որ նրանք ավելի հազվադեպ են բացասական հույզեր ապրում: Ընդ որում՝ տղաների եւ աղջիկների միջեւ կյանքից բավարարվածության տարբերության մակարդակն ավելի մեծ է եղել գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում:

Ապագայում թիմը նախատեսում է նմանատիպ հետազոտություն անցկացնել, բայց ավելի ներկայացուցչական ընտրանքով՝ մեծահասակների մասնակցությամբ: