Արկտիկական ցիկլոնը, որը հարվածներ է հասցրել Միացյալ Նահանգների մեծ մասին, ավելի քան 700 հազար մարդու առանց էլեկտրականության է թողել, առնվազն 16 մարդ մահացել է եղանակի հետ կապված ավտովթարների հետեւանքով, իսկ հազարավոր մարդիկ արգելափակվել են՝ թռիչքների չեղարկման պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Էլեկտրաէներգիայի շատ ընկերություններ հաճախորդներին խնդրել խնայել էներգիան: Duke Energy-ն (DUK.N) շաբաթ երեկոյան հաճախորդներին հայտնել է, որ դադարեցրել է 15-ից 30 րոպե տեւողությամբ հոսանքազրկումները Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում, որոնք նախաձեռնել էին ավելի վաղ:
Ավելի քան 2700 ներքին չվերթ չեղարկվել է, ընդ որում ուշացումների ընդհանուր թիվը գերազանցել է 6400-ը, ըստ FlightAware թռիչքների հետագծման ծառայության:
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան հաշվարկել է, որ դեկտեմբերի 23-ից հունվարի 2-ը 112,7 միլիոն մարդ կճանապարհորդի տնից 50 մղոն կամ ավելի հեռավորությամբ: Սակայն հանգստյան օրերին մոտեցող փոթորկոտ եղանակը, հավանաբար, շատերին ստիպել է տանը մնալ:
Առնվազն 16 մարդ է զոհվել եղանակի հետ կապված ավտովթարների հետեւանքով ամբողջ երկրում, հարյուրավոր մարդիկ մնացել են ճանապարհներին, հայտնում են ԶԼՄ-ները:
Էրի օկրուգում, Նյու Յորքի հյուսիսային մասում, մոտ 500 վարորդներ մնացել էին իրենց մեքենաներում ուրբաթ երեկոյից մինչեւ շաբաթ առավոտ: Առնվազն մեկ մարդ մեքենայում մահացած է հայտնաբերվել։



























