Իտալիայի խոշորագույն ֆերմերների ասոցիացիան (Coldiretti) պայքարում է`ամբողջ աշխարհում սննդամթերքի եւ խմիչքների ոլորտում մի շարք ապրանքների վաճառքի նպատակով մաֆիայի տերմինների «սկանդալային» օգտագործման դեմ՝ Cosa Nostra վիսկիից մինչեւ Chilli Mafia տոմատի սոուսը, գրում է The Guardian-ը:
Ասոցիացիան լայնածավալ հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ Իտալիայից դուրս մոտ 300 ռեստորաններ կրում են մաֆիայի անուններ, այդ թվում՝ El Padrino-ն Իսպանիայում, Don Corleone-ն Ֆինլանդիայում, Burger Mafia-ն Գերմանիայում, Falafel Mafia-ն ԱՄՆ-ում եւ Nasi Goreng Mafia-ն Ինդոնեզիայում:
Ասոցիացիայի մասնաճյուղի մենեջեր Ալեսանդրո Ապոլիտոն ասում է, որ ամենացնցող հայտնագործությունը ավտոմատի տեսքով վիսկիի շիշն է, որն արտադրվել է Շոտլանդիայում Cosa Nostra Shot-ի կողմից:
«Վրդովեցուցիչ է մտածել, որ ինչ-որ մեկը կարող է նման բան գնել, նույնիսկ եթե դա պարզապես զվարճանքի համար է: Մեզ համար անընդունելի է կատակել մաֆիայի նման լուրջ բաների մասին», - ասել է Ապոլիտոն:
Նա նշել է, որ մաֆիոզ մարքեթինգը ոչ միայն անհավատալի վնաս է հասցրել Իտալիայի հեղինակությանը եւ իսկական արտադրանքին, այլեւ չափազանց վիրավորական է անմեղ իտալացիների համար, ովքեր մահացել կամ տուժել են երկրի տխրահռչակ հանցավոր կազմակերպությունների պատճառով:
Դեկտեմբերին Պալերմոյում, Սիցիլիայում, որը Cosa Nostra մաֆիայի ծննդավայրն է, Ասոցիացիան հյուրընկալել է սննդամթերքի եւ խմիչքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մթերքներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում արտադրվող Chilli Mafia սոուսը, Mafia սուրճը եւ Il Padrino գինին:
«Իտալիան մաֆիայի վերաբերյալ կարծրատիպերի եւ հանցագործության հետ կապելը ահռելի վնաս է հասցնում երկրի իմիջին: Սակայն ամենակարեւորն այն է, որ սա վիրավորանք է մաֆիայի զոհերի համար, քանի որ հարյուրավոր անմեղ մարդիկ սպանվել են մաֆիայի կողմից կամ տուժել կազմակերպված հանցագործություններից։ Կան միլիոնավոր սիցիլիացիներ, ովքեր ազնիվ են եւ հարգում են օրենքը, սակայն այս հանցավոր ժանտախտի զոհն են», - ասել է նա:



























