Հսկայական ձմեռային փոթորիկը, որը կընդգրկի Միացյալ Նահանգները, կարող է խախտել հեղուկ բնական գազի (ՀԲԳ) աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկի համաշխարհային մատակարարումները՝ խստացնելով շուկան, որն այս տարի գների կտրուկ տատանումներ է ունեցել, հաղորդում է Oilprice.com-ը:
ԱՄՆ-ում արկտիկական ցիկլոնի պատճառով անջատել են միլիոնավոր տնային տնտեսությունների էլեկտրամատակարարումը, բացի այդ՝ եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել են հազարավոր չվերթներ։ Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես առաջ ԱՄՆ-ում եւ Կանադայում մոտ 250 միլիոն մարդ այս կամ այն կերպ տուժել է փոթորկից:
Խիստ ցրտահարության նախազգուշացումներ են տրվել ԱՄՆ Մեքսիկական ծոցի ափի երկայնքով գտնվող բոլոր նահանգներում՝ Տեխաս, Լուիզիանա, Ալաբամա եւ Ֆլորիդա:
Ծննդյան տոներին ԱՄՆ-ում ձմեռային փոթորիկը կարող է լինել վերջին ծայրահեղ իրադարձությունը, որը կազդի ՀԲԳ-ի համաշխարհային շուկայի վրա այս տարի:
Անցյալ շաբաթ Ավստրալիայի օֆշորային ՀԲԳ-ի արտահանման Prelude օբյեկտում բռնկված հրդեհը ստիպել է Shell օպերատորին դադարեցնել արտադրությունը Prelude-ի աշխատանքը վերսկսելուց ընդամենը երեք ամիս անց:
Ավստրալիան նաեւ աշխարհի խոշորագույն ՀԲԳ արտահանողներից մեկն է՝ ԱՄՆ-ի եւ Կատարի հետ միասին, սակայն հենց ԱՄՆ-ի ՀԲԳ-ն է, որ օգնել է Եվրոպային այս ձմռանն ընդառաջ հասնել գազի մատակարարման հարմարավետ մակարդակներին:
Միացյալ Նահանգները ռեկորդային ծավալներով ՀԲԳ է առաքել Եվրոպա՝ ԵՄ դաշնակիցներին օգնելու համար, եւ վերջին ամիսներին ԱՄՆ ողջ արտահանման մոտ 70%-ը ուղղվել է Եվրոպա:
Հաջորդ տարի Եվրոպային ՀԲԳ-ի «հսկայական ծավալներ» կպահանջվեն, քանի որ ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները կտրուկ անկում են ապրում, այս ամսվա սկզբին ասել է թրեյդեր Trafigura-ն՝ հավելելով, որ բնական գազի եւ ՀԲԳ-ի շուկաներում անկայունության պահպանում է սպասում:




























