ԱՄՆ-ում Բոուլինգ Գրինի պետական համալսարանի հոգեբանները պարզել են, որ իրենց գրավիչ համարող դեռահասներն ավելի հակված են հակաիրավական գործողությունների կատարման՝ համեմատած այն տղաների ու աղջիկների հետ, որոնք իրենց արտաքինը սովորական են համարում: Հետազոտությունը հրապարակվել է Crime & Delinquency ամսագրում:
Թիմը վերլուծել է դեռահասների Adolescent Academic Context Study հետազոտությունից հավաքված տվյալները: Հետազոտության շրջանակներում միջին եւ ավագ դպրոցի աշակերտները հարցաթերթիկ են լրացրել իրենց վարքի եւ սեփական արտաքինի գնահատման վերաբերյալ: Գիտնականների աշխատանքի վերջնական ընտրանին ներառել է 783 մարդու։
Հետազոտողները ենթադրել են, որ գրավչության ավելի մեծ ընկալումը կապված է իրավախախտման ավելի ցածր մակարդակի հետ: Սակայն դեռահասների պատասխանների վերլուծությունը հակառակ արդյունք է ցույց տվել։
«Պարզվել է, որ իրենց գեղեցիկ համարող դեռահասներն ավելի հաճախ են կատարել հակաօրինական գործողություններ, օրինակ, բռնություն, գողություն, գույքի վնասում կամ թմրանյութերի վաճառք»,- նշել են գիտնականները։
Հետագայում հետազոտողները եւս մեկ աշխատանք կկատարեն, որպեսզի պարզեն այս փոխադարձ կապի պատճառը:




























