Առնվազն յոթ մարդ մահացել է Թաիլանդի սահմանին մոտ գտնվող Պոյպետ քաղաքի Grand Diamond City Hotel and Casino հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին նշվել է Կխլոնգլիկի (Թաիլանդին սահմանակից Սակեո նահանգ) ոստիկանական տեղամասի հինգշաբթի տարածած ամփոփագրում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 53 մարդ տուժել է, 8 հոգի համարվում է անհետ կորած։ Ոստիկանները, սակայն, չեն տեղեկացրել զոհվածների եւ տուժածների ազգության մասին։ Ավելի վաղ տեղեկացվել էր տասը մարդու զոհվելու եւ երեսուն տուժածի մասին։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք այրվածքներ էին ստացել, թունավորվել ծխից կամ վնասվածքներ ստացել՝ վերին հարկերի պատուհաններից դուրս թռչելու պատճառով։
Հրդեհը Grand Diamond City Hotel and Casino հյուրանոցում տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 23.3.-ին։ Ենթադրվում է, որ հրդեհի (այն դեռ չի հաջողվել մարել) պատճառը վառելիքի բաքի պայթյունն է եղել։ Տեղի վարչական ղեկավարության ներկայացուցչի տվյալներով՝ շենքի ներսում կարող է 400 մարդ լինել, որոնց մեջ կան կազինոյում աշխատող Թաիլանդի քաղաքացիներ։
Կամբոջայի իշխանությունները դեպքի վայր են ուղարկել հատուկ ծառայությունների աշխատակիցներ եւ ուղղաթիռներ՝ հյուրանոցային համալիրում մնացած մարդկանց փրկելու համար, լրատվամիջոցներին տեղեկացրել է Տարերային աղետների դեմ պայքարի ազգային կոմիտեի պետի տեղակալ Կուն Կիմը։




























