Գեներալ Սուլեյմանիի սպանության գործով 94 մեղադրյալներն ամերիկացիներ են, իսկ երեք գլխավոր մեղադրյալներն են Դոնալդ Թրամփը, Մայք Պոմպեոն եւ Քենեթ ՄքՔենզին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով փոխնախագահ եւ մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է IRNA-ն։

Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» ստորաբաժանման գլխավոր հրամանատարի սպանության փաստով քրեական գործեր են հարուցվել Իրանում եւ Իրաքում: «Իրանի եւ Իրաքի դատական իշխանությունների միջեւ ստեղծվել է համատեղ կոմիտե։ Բանակցությունների երեք փուլ կայացել է Թեհրանում եւ Բաղդադում։ Անցյալ շաբաթ մենք պայմանավորվեցինք հանձնաժողովի նիստի չորրորդ փուլն անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս համատեղ կոմիտեի շրջանակում երկու դատական հաստատությունների միջեւ իրականացվել է տեղեկատվության եւ փաստաթղթերի շատ լավ փոխանակում, եւ այդ փաստաթղթերն ու տեղեկատվությունն օգնել են մեր դատական գործընկերներին ավարտին հասցնել իրենց հետաքննությունները»,-նշել է նա։

Ղարիբաբադիի խոսքով՝ Իրանի եւ Իրաքի միջեւ բանակցությունների չորրորդ փուլից հետո կավարտվի մեղադրական եզրակացությունը, որը իրանցի իրավաբանները պատրաստում են միջազգային գործերով դատախազության շրջանակում: Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նշել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքվել են դատական մարմինների կողմից եւ պատրաստ են առնվազն երեք ամբողջական հատոր այդ 94 մեղադրյալների վերաբերյալ: