ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի առերես ձեւաչափով նիստը կկայանա հունվարի 18-19-ը Բրյուսելում, հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Նիստը կնախագահի Ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։ Սպասվում է նաեւ դաշնակիցների զինված ուժերի ղեկավարների եւ Ֆինլանդիայի ու Շվեդիայի նրանց գործընկերների մասնակցությունը։ Նիստերը վարելու են գեներալ Քրիստոֆեր Քավոլին՝ Եվրոպայում դաշնակցական զորքերի գերագույն հրամանատարը (SACEUR), եւ գեներալ Ֆիլիպ Լավինը՝ տրանսֆորմացիայի գծով դաշնակցական զորքերի գերագույն հրամանատարը (SACT):
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը պաշտպանության ուժերի 32 գլխավոր հրամանատարներին թույլ կտա քննարկել դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կմիանա ռազմական կոմիտեին առաջին նստաշրջանում, որպեսզի տեղեկացնի վերջին քաղաքական նպատակները եւ քննարկի դաշինքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրները։
Երկրորդ նստաշրջանը նվիրված կլինի Ուկրաինայում պատերազմի ընթացքի առաջին դիտարկումներին, ինչպես նաեւ ռազմական գործողությունների վարման ՆԱՏՕ-ի հայեցակարգի եւ ռազմական գործողությունների զարգացման ծրագրի արագացմանը: Զինված ուժերի շտաբերի պետերը կքննարկեն ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ու կարողությունը՝ պաշտպանելու դաշինքը բոլոր մարտահրավերներից հիմա եւ ապագայում։
Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Քավոլին կգլխավորի օրվա երրորդ նստաշրջանը: Նա կներկայացնի նորացված տեղեկատվություն դաշինքի կողմից Եվրատլանտյան տարածքի զսպման եւ պաշտպանության հայեցակարգի իրականացման մասին։
Չորրորդ նստաշրջանը նվիրված կլինի ՆԱՏՕ-ի զինված ուժերի պատրաստվածությանը եւ կայունությանը, մասնավորապես, ռիսկերին եւ դրանց նվազեցմանը: Այս նստաշրջանը նվիրված կլինի կարողությունների զարգացմանը, ռազմական պաշարներին եւ լոգիստիկային:
Երկրորդ օրվա առաջին հանդիպմանը շտաբերի պետերը կհանդիպեն Կոսովոյի ուժերում (KFOR) իրենց օպերատիվ գործընկերների հետ՝ Ավստրիայի, Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի եւ Շվեդիայի։
Այնուհետեւ ռազմական կոմիտեն օպերատիվ գործընկերների՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Ավստրալիայի հետ կքննարկի Իրաքում ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելությունն ու կարողությունների զարգացումը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Իրաքին աջակցելու առաքելության ընթացիկ ջանքերը կայունության ամրապնդման, անվտանգության եւ պաշտպանության ինստիտուտների ստեղծման եւ ահաբեկչության վերացման գործում:
Եզրափակիչ նիստում ռազմական կոմիտեն կքննարկի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող ընթացիկ աջակցությունը:



























