Ամերիկյան կողմը բացահայտ հանդես չի գալիս Թուրքիայի, Ռուսաստանի եւ Բաշար Ասադի ռեժիմի ներկայացուցիչների եռակողմ շփումների դեմ, սակայն մենք գիտակցում ենք, որ ԱՄՆ-ն դեմ է նման կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Բրազիլիա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները պաշտոնապես չեն դիմել Անկարային Դամասկոսի եւ Մոսկվայի հետ եռակողմ շփումների պատճառների մասին հարցումներով, սակայն «Վաշինգտոնի դիրքորոշումն իրեն զգացնել է տալիս, այդ թվում՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հայտարարությունների մակարդակով»։

«ԱՄՆ-ն պետք է վերջապես գիտակցի, որ Սիրիայի հարցում տարիներով վարած քաղաքականությունը ոչնչի չի հանգեցնի։ Պետք է հասնել քաղաքացիական պատերազմի դադարեցմանը։ Անշուշտ, դրան հասնելու ճանապարհը սիրիական ընդդիմության շահերին վնասելը չէ։ Այսինքն ՝ ի հեճուկս ընդդիմության երկխոսություն չի լինի։ Ըստ էության, հենց դրա համար են նախատեսված մեր շփումները»,-ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Սիրիայում Անկարայի նպատակը «երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է, ինչպես նաեւ ահաբեկչության սպառնալիքի վերացումը»: Ընդ որում, Թուրքիան պնդում է, որ կողմ է հարեւան երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը։

«Կարծում եմ, որ մեր շփումները ներդրում կունենան նաեւ Սիրիայի սահմանադրական կոմիտեի հարթակում ընդդիմության եւ Ասադի ռեժիմի միջեւ բանակցությունների առաջխաղացման գործում»,-ասել է նա։

Մեկնաբանելով Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ շփումների թեման՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը բանակցություններում բարձրացրել է «ահաբեկչության դրսեւորումների դեմ» պայքարի հարցը՝ նկատի ունենալով Քրդստանի բանվորական կուսակցությանը:

Անդրադառնալով քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնից ոչ մի նոր նախաձեռնություն Անկարան չի ակնկալում։ «Առկա են 2019 թվականի Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները։ Մեզ համար բավարար է վերը նշված համաձայնագրերից բխող պարտավորությունների կատարումը»,-հավելել է նա։

Ըստ նրա՝ Բաշար Ասադի կառավարությունը պատրաստ է համագործակցել սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու հարցում:  

Նա նաեւ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպման հավանականության մասին հարցը:

«Նման կանխատեսումների փոխանակումը ճիշտ չէր լինի։ Նման որոշումներ կայացնում է Թուրքիայի նախագահը։ Սակայն նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ հնարավոր է «փուլային երկխոսություն»։ Սկզբում հատուկ ծառայությունների եւ պաշտպանության նախարարությունների մակարդակով, ապա ԱԳՆ-ի մակարդակով։ Իսկ հետագայում հնարավոր է նաեւ հանդիպում առաջնորդների մակարդակով։ Գերատեսչությունների մակարդակով շփումները կորոշեն իրադարձությունների հետագա զարգացումը»,-ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ հունվարի 17-ին կայցելի ԱՄՆ, իսկ հունվարի 18-ին նախատեսված է իր հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: