Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը չի բացառել Բուլղարիայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպայի այլ երկրներ, հաղորդում է Anadolu-ն։

Մեկնաբանելով Բուլղարիային տարեկան 1,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու 13-ամյա պայմանագիրը՝ Դոնմեզը նշել է, որ թուրքական Botaş-ի եւ Bulgargaz ընկերության միջեւ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում երկու երկրների նախագահների հանդիպումից ընդամենը երեք շաբաթ անց։

«Թուրքիան ներդրում է կատարում Բուլղարիայի էներգետիկ անվտանգության մեջ։ Ընդհանուր առմամբ  պայմանագրի շրջանակում խոսքը 20 մլրդ խմ գազի մասին է։ Եթե անհրաժեշտ պայմաններ ձեւավորվեն, Թուրքիան կկարողանա գազի առեւտուրը կազմակերպել Բուլղարիայի միջոցով, այսինքն՝ ծածկել գազի հարցում երրորդ երկրների կարիքները»,-ասել է Դոնմեզը։