ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երկրորդ օրն անընդմեջ չի կարողանում խոսնակ ընտրել այն բանից հետո, երբ հանրապետականների թեկնածու Քեւին ՄքՔարթին ձախողել է եւս երեք քվեարկություն՝ չստանալով պալատում մեծամասնության աջակցությունը: Ներկայացուցիչների պալատը կրկին կհավաքվի հինգշաբթի՝ տեղական ժամանակով կեսօրին, հաղորդում է CBS News-ը:

Չորեքշաբթի երեկոյան փակ դռների հետեւում մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո ՄքՔարթին լրագրողներին ասել է, որ չի հավատում, որ այսօր եւս մեկ քվեարկություն այլ արդյունք կտա: 

Նա  նաեւ հայտնել է, որ հանրապետականների հետ բանակցություններում, որոնք դեմ են հանդես գալիս խոսնակի պաշտոնում իր թեկնածությանը, առաջընթաց է գրանցվել:

Չորեքշաբթի օրը շատ բան չի փոխվել, բացառությամբ նրա, որ ՄքՔարթին կորցրել է  եւս մեկ ձայն։

Դեմոկրատները միասնական են մնացել Հաքիմ Ջեֆրիսին սատարելու հարցում, քանի որ նա ստացել է դեմոկրատների բոլոր 212 ձայները բոլոր վեց քվեարկություններում:

Չորեքշաբթի օրը հանրապետականներն առաջադրել են Ֆլորիդայից Բայրոն Դոնալդսի թեկնածությունը՝ Ջիմ Ջորդանի փոխարեն, որը քվեարկել է ՄքՔարթիի օգտին եւ հայտարարել, որ չի հավակնում խոսնակի պաշտոնին։ Քանի որ դեմոկրատներն առաջադրել են Հաքիմ Ջեֆրիսին, պատմության մեջ առաջին անգամ երկու աֆրոամերիկացիներ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

Հանրապետականներն իրենց առաջադրման ելույթներում կոչ են արել իրենց անդամներին միավորվել եւ աջակցել ՄքՔարթիին: