ԱՄՆ-ն Մոլդովային 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի, որպեսզի օգնի երկրին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը եւ տնտեսական այլ դժվարությունները, որոնք պայմանավորված են «Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմով»։ Այս մասին հայտարարել է օգնության տրամադրման ամերիկյան գործակալությունը, հաղորդում է AP-ը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտնել է, որ միջոցները Մոլդովային կվճարվեն Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամի միջոցով: Երկրին կփոխհատուցվի նաեւ նախկինում ձեռք բերված էլեկտրաէներգիայի արժեքը։  

ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է, որ մինչ Մոլդովան սկսել է վերականգնվել վերջին «մի շարք լուրջ ցնցումներից» հետո, ներառյալ COVID-19 համավարակը եւ բնական գազի գների քառապատիկ բարձրացումը, «Ուկրաինայում պատերազմը վտանգի տակ է դրել տնտեսության կարճաժամկետ վերականգնումը եւ դրա երկարաժամկետ տնտեսական հեռանկարները»։

ԱՄՆ ՄԶԳ-ն հայտնել է, որ փետրվարից ի վեր ԱՄՆ-ն Մոլդովային տրամադրել է 320 մլն դոլար՝ որպես արտակարգ օգնություն։