Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանի աշխատակազմի կապերի վարչությունից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են հումանիտար եւ էներգետիկ ոլորտներում թուրքական աջակցության թեման, ինչպես նաեւ «հացահատիկային միջանցքի» հարցը:

«Թուրքիայի նախագահը հայտարարել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ երկարատեւ խաղաղության հասնելու միջնորդական ջանքերին իր երկրի պատրաստակամության մասին։

Էրդողանը նաեւ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման կազմակերպմանն ուղղված շարունակական ջանքերի վրա, ինչպես նաեւ ընդգծել Է Անկարայի պատրաստակամությունը՝ դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ գործընթացների արագացման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել է Էրդողանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։