Հունվարի 6-ի կեսօրից ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հատուկ ռազմական գործողության գոտում «կողմերի շփման գծի ողջ երկայնքով», հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ հրադադարը հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով եւ պահպանվում է ռուսական զորքերի կողմից՝ չնայած հակառակորդի կողմից շարունակվող գնդակոծություններին։ Պաշտպանության նախարարությունը նաեւ նշում է, որ նման հարձակումների դեպքում ռուսական զորքերը պատասխան հարվածներ են հասցնում, հայտնում է РБК-ն։

«Չնայած այսօր՝ հունվարի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից ռուսական զորքերի խմբավորման կողմից հրադադարի ռեժիմը պահպանվել է, Կիեւի ռեժիմը շարունակել է բնակավայրերի ու ռուսական զորքերի դիրքերի հրետանային գնդակոծությունը։ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որտեղից իրականացվել է հրետակոծությունը, ճնշվել են ռուսական զորքերի պատասխան կրակից»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջարկած հրադադարը «քող» է, որը նախատեսված է տեխնիկան, զինամթերքը եւ մոբիլիզացվածներին ուկրաինական դիրքերին ավելի մոտ տեղափոխելու համար, իսկ Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ «ժամանակավոր հրադադար» հնարավոր է միայն զբաղեցրած տարածքներից ռուսական զորքերի հեռանալու դեպքում։