Ֆրանսիայի առողջապահական համակարգի խնդիրները, հավանաբար, կխորանան նախքան իրավիճակը կբարելավվի, խոստովանել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոստանալով բարելավել աշխատանքային պայմանները եւ ավելի շատ օգնականներ վարձել բժիշկների համար՝ վարչական առաջադրանքների կատարման նպատակով:

Ֆրանսիան, ինչպես եվրոպական շատ այլ երկրներ, բախվում է բժշկական անձնակազմի պակասի, հատկապես գյուղական վայրերում, ընդ որում՝ շատ հիվանդանոցներ ծանրաբեռնված են, բնակչությունը ծերանում է, մեծ թվով բժիշկներ եւ բուժքույրեր թոշակի են անցնում, իսկ համակարգը խճճվել է բյուրոկրատիայի մեջ, հայտնում է Reuters-ը:

«Մենք բախվել ենք մի իրավիճակի, որը լիովին կարող է վատթարանալ»,- ասել է Մակրոնը՝ վկայակոչելով նոր սերնդի բժշկական անձնակազմի կրթման անհրաժեշտությունը։ Այդ խոսքերով նա ամանորյա ուղերձով դիմել է բուժաշխատողներին, որոնք վերջին շաբաթներին գործադուլներ են հայտարարել՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ:

Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ կառավարությունը ակտիվացնում է ֆելդշերների հավաքագրումը, ազատելով բուժաշխատողներին՝ պացիենտներին բուժելու, այլ ոչ թե վարչական առաջադրանքներ կատարելու համար:

Խոստանալով փոխել հիվանդանոցների աշխատանքը մինչեւ հունիս, Մակրոնը նաեւ ասել է, որ իր կառավարությունը քայլեր կձեռնարկի առողջապահական համակարգի տարբեր մասերի միջեւ համագործակցությունն ավելացնելու եւ աշխատանքային ժամերի վերահսկողությունը բարելավելու համար:

Նրա խոսքով՝ պարզապես ավելի շատ գումար վճարելը բավարար չէ մասնագիտությունն ավելի գրավիչ դարձնելու համար, եւ իր կառավարությունը զգալի չափով կվերացնի հիվանդանոցների վճարների վրա հիմնված ֆինանսավորումը:

Քննադատներն ասում են, որ համակարգը հիվանդանոցներին մղել է անկման պարույրի մեջ՝ ձգտելով ապահովել մեծ քանակությամբ շահավետ օգնություն՝ միաժամանակ կրճատելով ծախսերն ու խնամքը այլ ոլորտներում:

«Սպասարկման վճարի սկզբունքը հանգեցրել է բազմաթիվ դիսֆունկցիաների»,- ասել է Մակրոնը Փարիզից դուրս գտնվող Centre Hospitalier Sud Francilien (CHSF)-ում:

COVID-19 համավարակն իր ազդեցությունն է թողել արդեն սպառված բժշկական ռեսուրսների վրա: Այս ձմռանը շատ հիվանդանոցներ ստիպված են եղել չեղարկել պլանավորված վիրահատությունները կամ փակել շտապ օգնության ծառայությունները, քանի որ բրոնխոլիտի եւ գրիպի դեպքերի միաժամանակյա աճը հանգեցրել է որոշ տարածքներում COVID-ի հետ կապված հոսպիտալացումների աճի: