Սիրիայի զինված ուժերն ամրապնդում են պաշտպանական գծերը Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մերձակայքում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sham FM ռադիոկայանին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայի կառավարական զինված ուժերը շարունակում են հետ մղել գրոհայինների հարձակումները քաղաքի տարածքում։

ТАСС-ի փոխանցմամբ՝ երեկ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ի առավոտյան «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման կազմավորումները երկրի հյուսիսում «լայն ճակատով լայնածավալ հարձակում են իրականացրել»։

Հաղորդագրության համաձայն՝ ահաբեկիչները փորձել են գրոհել «սիրիական բանակի և ռազմական օբյեկտների պաշտպանության տակ գտնվող գյուղերն ու քաղաքները» և շարունակել հարձակումները կառավարական դիրքերի վրա։

Ավելի ուշ, Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։