Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստվում են ստանալ ԱՄՆ ռազմական աջակցությունը մոտ 30 000 խաղաղապահների համար, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ խոսքն ամերիկյան ավիացիայի կողմից ռազմական զորակազմին աջակցելու, ինչպես նաեւ հետախուզական տվյալների տրամադրման մասին է։
Ընթացիկ ծրագրի համաձայն՝ եվրոպացի զինվորականները կարող են տեղակայվել Ուկրաինայի խոշոր քաղաքներում, նավահանգիստներում եւ կարեւոր ենթակառուցվածքներում, բացառությամբ երկրի արեւելյան տարածքի, որի մեծ մասն օկուպացված է Ռուսաստանի կողմից: Նախատեսվում է նաեւ ավիացիա տեղակայել Լեհաստանում եւ Ռումինիայում, իսկ նրանց արեւելյան սահմաններին՝ լրացուցիչ ցամաքային զորքեր՝ անհրաժեշտության դեպքում Ուկրաինա հնարավոր տեղափոխման համար։ Խաղաղապահ առաքելությունը պետք է օգտագործի անօդաչու սարքեր, արբանյակներ եւ դիտորդական ինքնաթիռներ՝ շփման գծի երկայնքով ակտիվության ամբողջական պատկերն ստանալու համար։ Իրենց հերթին, երկու օպերատիվ խմբեր կարող են տեղակայվել Սեւ ծովում՝ ծովային ականներից վնասազերծելու եւ ջրային տարածքը պարեկելու համար։ Սակայն այս պլանի իրականացումը կախված կլինի ամերիկյան ինքնաթիռներ եւ հետախուզական տվյալներ տրամադրելուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունից, նշել են Bloomberg-ի աղբյուրները։
ԵՄ ոչ բոլոր երկրներն են, սակայն, համաձայնել իրենց զինուժն ուղարկել Ուկրաինա: Բուլղարիան, Սլովակիան, Խորվաթիան եւ Լեհաստանը հրաժարվել են մասնակցել այս նախաձեռնությանը, Իտալիան թերահավատ է վերաբերվել, իսկ Գերմանիան «դեռ խիստ վաղ» է համարել նման պարտավորությունների ստանձնումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ խաղաղապահների վերաբերյալ ծրագիրը Թրամփին ներկայացնելու համար։ Միաժամանակ, ինչպես նշել է Bloomberg-ը, պարզ չէ, թե արդյոք եվրոպական առաջարկը կբավարարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։





























