Մինչ Թրամփի վարչակազմը շարունակում է ձգտել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրին, որը կարող է ավելի ձեռնտու լինել Մոսկվային, քան Կիևին, եվրոպացիները տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուշադրությունը կենտրոնացնում են սեփական ռազմական հզորության վրա, հայտնում է CNN-ը։

Ոչ մի տեղ այս տեղաշարժն այնքան նկատելի չէ, որքան Գերմանիայում։ Նրա զինված ուժերը, որոնք հայտնի են որպես Բունդեսվեր, տարիներ շարունակ տուժել են անբավարար ներդրումների պատճառով, բայց դա պետք է փոխվի:

Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը որոշել է, որ այժմ ժամանակն է, որ Գերմանիան ներդրումներ կատարի իր զինված ուժերում սառը պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբներով:

Գերմանիան վերջերս իրականացրեց իր պարտքի կարգավորման սահմանադրական մեխանիզմի խոշոր բարեփոխումը՝ ֆինանսավորման միլիարդավոր եվրոներ ազատելով: CNN-ին հայտնած մոդելներից մեկը ենթադրում է, որ 10 տարվա ընթացքում, երբ Գերմանիայի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3,5%-ը, այն կարող է կազմել 600 միլիարդ եվրո (652 միլիարդ դոլար):

CNN-ն օրն անցկացրել է Բունդեսվերի զինծառայողների հետ Գերմանիայի կենտրոնական հատվածում, որտեղ ՆԱՏՕ-ի հինգ դաշնակիցներ մասնակցում էին զորավարժություններին։ Մոդելավորումը ներկայացնում էր «օտարերկրյա հակառակորդի» հարձակումը Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ անդամի վրա:

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի բռնկումը ցնցեց մայրցամաքը։ Պատերազմը վերսկսվեց և լարվածության լիցքաթափումը, որը գոյություն ուներ երկաթե վարագույրի անկումից հետո, ավարտվեց:

Բեռլինում սա նշանավորեց մի ժամանակաշրջանի սկիզբը, որը գերմաներեն հայտնի է որպես «Zeitenwende» կամ «շրջադարձային կետ»:

Ըստ էության, սա դարձավ ռազմական ծախսերի հերթական մեծացման սկիզբը: Հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ երկրին պաշտպանության և անվտանգության նոր քաղաքականություն է պետք, և որ Բունդեսվերը հատուկ ուշադրության կարիք ունի:

Նա ստեղծեց 100 միլիարդ եվրոյի միանվագ հիմնադրամ՝ Բունդեսվերում «համալիր ներդրումների» համար։ Դա անելու համար Շոլցը ստիպված էր ուղղումներ մտցնել Հիմնական օրենքում, ըստ էության,՝ երկրի սահմանադրության մեջ:

Չնայած նրան, որ այս հիմնադրամը հավանության արժանացավ, սակայն քաղաքականության իրականացումը դանդաղ էր ընթանում, իսկ կառավարության ներսում վեճերն ու պառակտումները ի վերջո հանգեցրին նրան, որ Շոլցը կորցրեց աշխատանքը:

Այժմ Մերցը ձգտում է ուժեղացնել «Zeitenwende»-ի ներգործությունը։

Սառը պատերազմի դարաշրջանի կեսերից ի վեր Գերմանիայի ռազմական ծախսերը կտրուկ նվազել են: 1963-ին ՀՆԱ-ի 4,9%-ի գագաթնակետին հասնելուց հետո, 2005-ին դրանք ընկան ռեկորդային նվազագույնի` ընդամենը 1,1%:

Ավելի ուշ, միայն 2024 թվականին Գերմանիան հասավ ՆԱՏՕ-ի սահմանած պաշտպանական ծախսերի 2%-անոց շեմին՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ: