69-ամյա Հռոմի Լեւոն XIV պապը Սիքստինյան կապելլայի պատշգամբից առաջին անգամ դիմել է հավատացյալներին, հաղորդում է BBC News-ը։

«Խաղաղություն բոլորիդ։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սա հարություն առած Քրիստոսի առաջին ողջույնն է։ Ես կցանկանայի խաղաղության ողջույններ փոխանցել ձեր ընտանիքներին, բոլորիդ, որտեղ էլ որ լինեք։ Բարին ընդ ձեզ»,-ասել է նա։

Այնուհետև Հռոմի Լեւոն XIV պապը շնորհակալություն է հայտնել երկօրյա կոնկլավի ժամանակ իրեն ընտրած կարդինալներին։

Նա կարճատև դադար է տվել, մինչ ամբոխը ծափահարում և ողջունում էր իրեն։

«Մենք բոլորս կարող ենք միասին գնալ այն հայրենիքը, որն Աստված պատրաստել է մեզ համար։ Հատուկ ողջույններ Հռոմեական եկեղեցուն»,-նշել է Հռոմի նոր Քահանայապետը։

Այնուհետև Պապը խոսել է իսպաներենով՝ շնորհակալություն հայտնելու համար Պերուի իր նախկին թեմին, «որտեղ նվիրված ժողովուրդը կիսում էր իր հավատքը և շատ բան էր տալիս նրան»։

Վերադառնալով իտալերենին՝ նոր պապը հավաքվածներին կոչ է արել աղոթել Կույս Մարիամին՝ նրա օրհնության համար։ Այնուհետև նա կարճ աղոթք է ասել, որն ընդունվել է ծափահարություններով։

Իր ելույթն ավարտելուց հետո նոր Պապը լատիներենով կրոնական հատված է ընթերցել՝ հարգանքի տուրք մատուցելով սրբերին և Տիրամորը։