Հնդկաստանը գերձայնային թևավոր հրթիռներով զինված ռազմանավեր է ուղարկել Պակիստանի ափեր՝ երկու միջուկային տերությունների միջև մի քանի օր տևած սահմանային բախումներից հետո, հաղորդում է The Telegraph-ը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Նյու Դելին իր արևմտյան նավատորմը տեղափոխել է Արաբական ծովի հյուսիսային մասին ավելի մոտ՝ Պակիստանի ամենամեծ նավահանգստի՝ Կարաչիի հարվածային հեռավորության վրա։

Հարվածային խումբը ներառում է ավիակիր, ականակիրներ, ֆրեգատներ և հակասուզանավային նավեր և գտնվում է Պակիստանի ափերից մոտավորապես 300-400 մղոն հեռավորության վրա։

Նավերից մի քանիսը կրում են «ԲրահՄոս» հրթիռը, որը մասամբ մշակվել է Ռուսաստանում, կրում է 300 կիլոգրամանոց մարտագլխիկ և կարող է զարգացնել մինչև 3 Մախ արագություն և խոցել մինչև 500 մղոն հեռավորության վրա գտնվող թիրախներ։

Վերլուծաբանները զգուշացնում են, որ Կարաչիի վրա հարվածը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Պակիստանի համար, քանի որ երկրի առևտրի 60%-ն անցնում է այդ նավահանգստով։ Բացի այդ, այնտեղ է գտնվում նրա ռազմածովային շտաբը։