Ֆիզիկոսները մոդել են մշակել՝ ժամանակի մեջ հիպոթետիկ ճանապարհորդությունները ուսումնասիրելու համար։ Նրանց հետազոտությունը ընդլայնում է այսպես կոչված Ալկուբիերեի տարածություն-ժամանակը, որն առաջին անգամ ներկայացվել է ֆիզիկոս Միգել Ալկուբիերեի կողմից ավելի քան 30 տարի առաջ։ Ֆիզիկոսները կատարելագործել են Ալկուբիերեի տեսությունը՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու պոտենցիալ հնարավորությանը մեկ քայլով ավելի մոտենալու համար, գրում է Popular Mechanics-ը։
Միգել Ալկուբիերեն ենթադրել է, որ տիեզերքում հնարավոր է տեղաշարժվել գերլուսային արագությամբ։ Դրա համար անհրաժեշտ է վարպ շարժիչ, որը բեկում է տարածությունը-ժամանակը, փոխանցում է Ֆոկուսը։ Մեզ հայտնի Տիեզերքում անհնար է շարժվել լույսի արագությունից ավելի արագ, քանի որ մեր տարածություն-ժամանակի ֆիզիկան պարզապես թույլ չի տալիս դա անել։
Սա շրջանցելու համար Ալկուբիերեի շարժիչը տիեզերանավի շուրջը փոքր «փուչիկ» է ստեղծում՝ սեղմելով տարածաժամանակը նավի առջևում և ընդարձակելով այն դրա ետևում։ Սա տիեզերանավը անշարժ է պահում, մինչ փուչիկը շարժվում է, թույլ տալով ճանապարհորդել լույսի արագությունից ավելի արագ։
Հետազոտության հեղինակները օգտագործել են նաև մաթեմատիկոս Կուրտ Գյոդելի՝ փակ ժամանականման կորեր թույլատրող տարածություն-ժամանակի գաղափարը։ Այս գաղափարը Ալբերտ Էյնշտեյնի հավասարումների կայուն համակարգի հատուկ լուծման մասն է։ Ավելի քան 30 տարի առաջ Ալկուբիերեն հայտարարել էր, որ իր Ալկուբիերեի փուչիկը կարող է գործել այնպես, որ դրանում ևս կարողանան գոյություն ունենալ փակ ժամանականման կորեր։
Ֆիզիկոսները կարծում են, որ ժամանակի մեջ կարելի է ճանապարհորդել՝ օգտագործելով երկու Ալկուբիերեի փուչիկներ կամ կիրառելով պտտվող տարածություն-ժամանակի առանձնահատուկ դեպք։
Հետազոտության մեջ գիտնականները կայունացնում են Ալկուբիերեի տարածություն-ժամանակի մեկ չափումը՝ այն կապելով փուչիկի կոորդինատներին, փակ ժամանականման կորերը վերածելով բարդ պատկերների, որոնք կոչվում են գեոդեզիական շրջաններ։
Գիտնականների խոսքով՝ այդպիսի փակ ժամանականման կորերը իդեալական են այն իրավիճակների ուսումնասիրության համար, երբ մասնիկը փոխազդում է իր անցյալի կամ ապագայի «ես»-ի հետ։ Օրինակ՝ բիլիարդի գնդակի խնդրում և կարող է ծառայել որպես հարթակ ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում ժամանակի մեջ ճանապարհորդության դասական և քվանտային մոդելների ուսումնասիրման համար։
Ի՞նչ է բիլիարդի գնդակի խնդիրը։ Այն հիանալի օրինակ է այն բանի, թե որքան ապշեցուցիչ կարող են լինել ժամանակի ճանապարհորդության տեսությունները։ Փակ ժամանականման կորերով տարածաժամանակում մեկ բիլիարդի գնդակը կարող է ունենալ մեկից ավելի կանխատեսելի ուղի։ Ի՞նչ կլինի, եթե այն ընկնի անցքի մեջ, ինչը կարող է հանգեցնել երկու արդյունքի՝ մեկ կանխատեսելիի փոխարեն։ Ի՞նչ կլինի, եթե բիլիարդի գնդակը բախվի իր սեփական անցյալ «ես»-ին։
Այս և նմանատիպ այլ հետազոտությունները օգնում են ֆիզիկոսներին ճշգրտել իրենց մոդելները և ուսումնասիրել, թե ինչպես և որտեղ կարող են ձախողվել իրենց տեսությունները։ Տեսականորեն ժամանակի մեջ ճանապարհորդությունը հնարավոր է, եթե ենթադրենք, որ մենք կարող ենք շարժվել գերլուսային արագությամբ։ Սակայն գործնականում դա առայժմ անհնար է իրականացնել։





























