Բրազիլիայում ընթացող COP30-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության ոլորտի ականավոր գիտնական, շուտով երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձել պատրաստվող Մադան Պրասադ Պարիյարին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՇՄՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկել են ծով ելք չունեցող պետությունների բարձր հավակնությունների կոալիցիայի գործունեությունը, ինչպես նաև դրա ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ են կատարել նաև COP30-ի մասնակից այլ երկրների միջև համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես՝ կլիմայական մարտահրավերների հաղթահարման, կայուն գյուղատնտեսության զարգացման և բնապահպանական քաղաքականությունների համադրման ոլորտներում։

Քննարկվել են Հայաստանում նախատեսվող #COP17-ի արդյունավետ կազմակերպմանն ու օրակարգի ձևավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստան` շարունակելու երկկողմ քննարկումները և նախանշված համագործակցությունը տեղափոխելու գործնական հարթություն։

Համաձայնել են շարունակել աշխատանքային կապը՝ ուղղված միջազգային բնապահպանական օրակարգում միասնական դիրքորոշումների ձևավորմանը։